Ինչպես հայտնի է, քաղաքական մշակույթը դասակարգվում է երեք տիպերով՝ մասնակցային, հպատակային և ավանդական: Մասնակցային քաղաքական մշակույթի կրող հասարակության ներկայացուցիչները աչքի են ընկնում քաղաքական կյանքի նկատմամբ դրսևորած մեծ հետաքրքրությամբ, սեփական անհատականության բարձր գիտակցությամբ, քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում ակտիվ մասնակցությամբ: Քաղաքական մշակույթի այս տիպը բնորոշ է ժողովրդավարական համակարգերին: Հպատակային քաղաքական մշակույթի կրող հասարակությունն աչքի է ընկնում քաղաքական կյանքի նկատմամբ դրսևորած մեծ հետաքրքությամբ, բայց քաղաքական գործընթացներին պասիվ մասնակցությամբ, քաղաքական կողմնորոշվածության բացակայությամբ: Քաղաքական մշակույթի այս տիպը բնորոշ է ավտորիտար համակարգերին: Ավանդական տիպի քաղաքական մշակույթի տարրեր առկա են տարբեր մշակույթներում, սակայն այս տիպը ամբողջապես չի գերիշխում որևէ հասարակությունում: Ներկայումս հայ հասարակությունը գտնվում է հպատակայինից մասնակցային տիպի քաղաքական մշակույթ ձևավորելու անցումային փուլում:
Հայաստանի երրորդ հանրապետության սկզբնավորման առաջին տարիներից կարևոր նշանակություն ձեռք բերեց ազգային քաղաքական մշակույթի ձևավորման խնդիրը: Մենք՝ հայերս, մեծամասամբ լինելով հպատակային տիպի քաղաքական մշակույթի կրող, մինչ օրս չենք կարողացել ձևավորել հասարակակենտրոն քաղաքական մշակույթ՝ մնալով անհատակենտրոնության տիրույթում: Վերջինս վաղ ժամանակներից իր ուրույն տեղն է գտել արևելյան հանրույթներում: Այսօր անհատակենտրոնությունը, ավանդույթի ուժով պահպանվելով հայ քաղաքական մշակույթի սահմաններում, որոշակիորեն դրսևորվում է նաև հասարակական հարաբերություններում և հանդես գալիս որպես ազգային բնավորության գիծ: Հայ քաղաքական մշակույթում անհատակենտրոնությունը նկատելի է դառնում հատկապես քաղաքական էլիտայի շրջանակներում, երբ քաղաքական միավորները ձևավորվում և գործունեություն են ծավալում անհատների նախաձեռնությամբ ու գլխավորությամբ: Այդպիսով, ստեղծվում է մի իրավիճակ, երբ գաղափարական պայքարը իր տեղը զիջում է անձնական և կուսակցական շահերի բախման արդյունքում ի հայտ եկած պայքարին: Այս գործընթացը ընթանում է և´ իշխանության, և´ ընդդիմության շրջանակներում, ուստի իշխանություն-ընդդիմություն ծայրահեղ բևեռները համահավասարվում են՝ որպես անհատակենտրոնության դրսևորման տիրույթներ: Հետևաբար, և´ իշխանությունը, և´ ընդդիմությունը դուրս են մնում փոխլրացման գործընթացից՝ հայտնվելով ոչ թե համագործակցային, այլ անառողջ մրցակցային հարթությունում: Ուշադրություն հրավիրենք այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիր և իշխանական օղակները ներկայացնող քաղաքական էլիտայի ներկայացուցիչները համակարծիք չեն ՀՀ կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների ընտրության շուրջ:
Դեռ ավելին, այսօր հասարակական գործընթացներն այնպես են ընթանում, որ հասարակությունն, իր հերթին, խորապես չի գիտակցում ՀՀ իշխանությունների կողմից որդեգրված բարեփոխումների կուրսը, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների կարևորությունը, որը միտված է մասնակցային քաղաքական մշակույթի ձևավորմանը: Կարևոր է արձանագրել նաև այն, որ տարբեր բնագավառներում իրագործվող ուղղափոխումները Հայաստանի զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրի հիմքերն են, որոնց սոցիալ-տնտեսական արդյունքը նկատելի կլինի մոտ ապագայում:
Այդպիսով, հանուն Հայաստանի ապագայի ու համընդհանուր օգուտի անհրաժեշտ է, որ հայաստանյան քաղաքական էլիտայի ներկայացուցիչները ձերբազատվեն անհատի պաշտամունքից՝ անձնական շահը ստորադասելով հասարակական շահին և համագործակեն միմյանց հետ ՀՀ կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման շուրջ:
Արդյունքում, հայ քաղաքական մշակույթը կենթարկվի որակական փոփոխության և անհատակենտրոն մշակույթի կրող քաղաքական էլիտային կփոխարինի հասարակակենտրոն մշակույթի կրող քաղաքական էլիտան: Այս պարագայում որոշում կկայացնեն ոչ թե անհատները, այլ անհատների համախումբը, որն էլ, իր հերթին, կդառնա Հայաստանի զարգացման կարևոր գրավականներից մեկը:
ԱԺ պատգամավոր
Վահրամ Մկրտչյան