Լարիսա Ալավերդյան. Կյանքում կան այնպիսի բաներ, որոնց համար արժե պայքարել

 

Նոյեմբերի 13-ին  «Լույսի աշխարհ» հ/կ-ի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամում անցկացվող «Առողջ միտք» ծրագրի հերթական հանդիպման ընթացքում Մարդու իրավունքներից խոսեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Հանդիպումը սկսելով «Կյանքում կան այնպիսի բաներ, որոնց համար արժե պայքարել» խոսքերով, նա նշեց, որ Մարդու իրավունքների մասին խոսելիս ի նկատի ունենք մարդու` ի ծնե իրեն պատկանող անքակտելի իրավունքների եւ ազատությունների մասին. «Բառի բուն իմաստով մարդն ազատ է, բայց պետք է հստակ գիտենա, որ ազատությունը բարոյականության վրա հիմնված սահմանափակումներ ունի: Եթե մարդն ուզում է բռունցքներին ազատություն տալ, ապա նա պետք է գիտակցի, որ ինչպես ասել է ԱՄՆ նախագահներից մեկը, բռունցքի ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուս անձի քթի ազատությունը: Մարդը բացի կենսաբանական էակ լինելուց, սոցիալական էակ է»:

Տիկին Ալավերդյանի խոսքով. «Որեւէ մեկի մտքով չի անցնի օրենք գրել ընկերության մասին, թեկուզ դա մարդկային ամենատարածված հարաբերություններից է, որովհետեւ բացի գրված օրենքներից` հասարակության մեջ գործում են չգրված օրենքներ: Գոյություն ունի ընտանիքի մասին օրենք, բայց դա մասնավորապես հստակեցնում է, որ պետությունը անձին թույլ չի տա կորցնել մարդկային կերպարանքը եւ բռնություն գործադրել ընտանիքի այլ անդամի հանդեպ»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանն ասաց, որ Հին Հունաստանում փիլիսոփաները հզոր արտահայտություն էին գործածում` մարդը ցանկացած իրի կամ երեւույթի չափն է. «Դա փիլիսոփայությունում հումանիզմի գագաթնակետն է, համաձայն որի` ցանկացած գործընթաց անիմաստ է, եթե մարդակենտրոն չէ: Ինչ վերաբերվում է Մարդու ազատությանը, ապա 1994թ-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդն ասել է. «Մարդու իրավունքները ամենակատարյալ ձեւով հռչակում եւ ամրապնդում է Աստվածաշունչը, որովհետեւ որեւէ մեկի հանդեպ սերը բացառում է այդ անձին որպես միջոց դիտելը»:

Բանախոսի համոզմամբ. «Պաշտպանել, օրինակ, դատապարտյալ անձի Մարդու իրավունքները` չի նշանակում արդարացնել նրա գործած հանցանքը: Խոսքն այն մասին է, որ դատապարտյալի հանդեպ պատիժը միայն ազատազրկումն է, բայց մնացած հիմնարար իրավունքներից դատապարտյալը որոշ բացառություններով շարունակում է օգտվել»:

Լարիսա Ալավերդյանն արձանագրեց, որ. «Հայաստանի պարագայում մոդայիկ է ասել` «միասեռական ամուսնությունը չի՞ Ձեր «մարդու իրավունքը»: Ուրեմն` եթե հասարակության մեջ դա ընկալվում է որպես ոչ ընդունելի բան, եկեք մեր անհամաձայնությունը արտահայտենք ոչ թե ագրեսիվ դրսեւորումներով, այլ պարզապես այդ ճանապարհից հրաժարվելով: Պայքարի ամենաարդյունավետ ձեւը այդ մեղքը չգործելն է»:

Տիկին Ալավերդյանը եզրափակեց հետեւյալ խոսքերով. «Պատահական չէ, որ ասում են` իրավունքները այն ժամանակ են արգասաբեր, երբ դրանք բխում են բարոյական պարտականություններից»:

Աղբյուրը` aravot.am

ՄԵՐ ՄԱՍԻՆ

    2007 թվականին «Ֆլեշ» ՍՊԸ հիմնադիր Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, որպես մի կառույց, որը կոչված է հայտնաբերելու և համախմբելու նորարարական ոգով օժտված բարեպաշտ երիտասարդներին, որոնք հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից:

We use cookies to improve our website. By continuing to use this website, you are giving consent to cookies being used. More details…