«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հայտարարում է
ազգային արժեքների պահպանման և տարածման ծրագրերի շուրջ
դրամաշնորհների տրամադրման մրցույթ
Մրցույթին կարող են մասնակցել անհատներ, խմբեր, հասարակական կազմակերպություններ:
Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը 500.000 դրամից մինչև 1.000.000 դրամ է:
Առանձին դեպքերում կախված ծրագրի յուրօրինակությունից կտրամադրվեն ավելի մեծ չափաքանակներ:
Նպատակը
Այս դրամաշնորհների նպատակն ազգային արժեքների պահպանումն և տարածումն է: Մրցույթն անցկացնելիս հավանություն կտրվեն այն ծրագիր-առաջարկներին, որոնք ուղղված կլինեն պահպանելու և ամրապնդելու հայկական ավանդական արժեքները, լեզուն, հավատքը, մշակույթը: Ինչպես նաև ուղղված կլինեն ապահովելու հայության հետագա հարատևումն այնպես, որ մի կողմից` այն չհանգեցնի առավել հզոր էթնոմշակութային հասարակարգերին ձուլվելուն, մյուս կողմից` հայությունը աննկատելիորեն չվերածվի հանրույթի` իր յուրահատուկ պատմական անցյալով:
Հետևաբար, այդ խնդիրների գոյությունը պարտադրում է գրավել սեփական ապագան կերտողի կոշտ դիրք և ունենալ համաշխարհայնացման գործընթացների սուբյեկտի ինքնագիտակցություն: Դա նշանակում է`
- հետևողականորեն կառուցել պետական ու հասարակական կյանքի կազմակերպման սեփական տարբերակը` համարձակվելով հանդես գալ որպես ինքնուրույն քաղաքակրթական կենտրոն,
- գիտակցել, որ սեփական նվաճումները կարող են արժեք ներկայացնել այլոց համար և փոխառվել այլոց կողմից:
Հետևաբար, սեփական ապագան կառուցողի գործունեությունը ենթադրում է նորարարական ոգու անընդհատ ներշնչում ու ամրապնդում, սոցիալական իրողության նոր դրվագների և ապագա կենսակերպի նախատիպերի ստեղծման արժևորում:
Նման գաղափարի իրականացումը պետք է լինի համազգային խնդիր, այլ ոչ առանձին անհատների ապրելակերպ: Դրա համար պետք է ապահովել ներքին կյանքի կազմակերպման յուրահատուկ ձևեր` հետևյալ անհրաժեշտ առանձնահատկություններով.
- նորարության, ստեղծագործության համընդհանուր գերակայություն,
- կարևորագույն պրոբլեմների լուծման և կառավարման գործընթացներում բարձր արդյունավետությամբ օժտված կոլեկտիվ մտագործունեական միջոցառումների գերակայություն,
- համակարգային բարեփոխումներ իրականացնող սուբյեկտների քանակական գերհագեցվածության ապահովում[1]:
Առավելություն կտրվի այն ծրագրերին, որոնք`
- իրատեսական են և ունեն յուրօրինակ մոտեցումներ,
- կառաջարկեն որոշակի լուծումներ ազգային արժեքների պահպանման և տարածման վերաբերյալ,
- կունենան դրական ազդեցություն հատկապես երիտասարդների շրջանակներում՝ ակտիվացնելով և ամրապնդելով ազգային արժեքների գիտակցումը,
- ծրագրի վերջում կարձանագրեն չափելի արդյունք:
Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար հայտատուն պետք է ներկայացնի համապատասխան ծրագիր, որտեղ անհրաժեշտ է նկարագրել, թե ներկայացվող ծրագիրն ինչ հիմնախնդրի լուծմանն է ուղղված և ինչպես է առաջացել ծրագրի գաղափարը:
Ծրագրում պետք է ձևակերպված լինի ընդհանուր նպատակը և այն կոնկրետ խնդիրները, որոնց միջոցով նախատեսվում է հասնել ծրագրի նպատակին: Անհրաժեշտ է նկարագրել, թե ովքեր են ծրագրի թիրախ խմբերը(շահառուները), ծրագիրն ինչպիսի դրական փոփոխություն է բերելու նրանց համար և ինչպիսին է լինելու նրանց մասնակցությունը ծրագրի իրականացման մեջ: Ծրագիրը պետք է ներառի հստակ գործողությունների պլան այն մասին, թե ինչպես են ապահովվելու ակնկալվող դրական արդյունքները: Ցանկալի կլինի, եթե գործողություններում ներգրավվեն նաև շահառուները:
Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի հայտ, որի ձևը թողնված է ըստ նախընտրության:
Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են՝
- ծրագիր-առաջարկ,
- բյուջե,
- անհատների և խմբերի համար անձնագրերի պատճենները և կենսագրական տվյալները,
- ՀԿ-երի դեպքում` կանոնադրության տիտղոսաթերթը, կազմակերպության նպատակներին և խնդիրներին վերաբերող էջերը և վերջին երեք տարում իրականացրած ծրագրերի նկարագիրը:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով`
- առաջին փուլում ներկայացված ծրագիր-առաջարկների հիման վրա իրականացվելու է նախնական ընտություն,
- երկրորդ փուլ անցած հայտերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի:
Ծրագիր-առաջարկները ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։: Ծրագիր-առաջարկները չպետք է գերազանցեն 10 էջը:
Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև ս/թ սեպտեմբերի 16-ը:
Մանրամասների համար դիմել
հետևյալ հասցեով`
ք. Երեւան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, հիմնադրամի գրասենյակ:
Հեռախոս` 010 52-53-23
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։