Եվրասիականության գաղափարը կարող է վտանգավոր լինել հայության համար

Այժմ հայ իրականության մեջ անհանգստությամբ են խոսում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և մեր հարևան Թուրքիայի միջև համագործակցային հարաբերությունների խորացման վերաբերյալ: Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունները գնալով խորանում են և որոշ վերլուծաբաններ կանխատեսում են անում, որ դրանք կարող են հիմք հանդիսանալ ապագայում ռազմավարական հարաբերություններ հաստատելու համար: Վերջինիս համար գաղափարական հիմք է հանդիսանում Եվրասիական միության գաղափարը:

Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ և փորձում է դառնալ Եվրոմիության անդամ, այդուհանդերձ արտաքին գործերի նախարար Դավութողլույի համար այնքան էլ անընդունելի չէ Եվրասիականության գաղափարը:

Թուրքիան իր պատմության վաղ շրջանից մինչ օրս աշխարհագրորեն կապող օղակ է եղել Ասիայի և Եվրոպայի համար: Այսօր Թուրքիան միջանցք է Ասիական էներգետիկ տարածքների և Եվրոպայի միջև: Եվրասիական միությունը Թուրքիայի համար կարող է այլընտրանք լինել Եվրոմիության դռները Թուրքիայի առջև չբացվելու դեպքում: Արևմտյան քաղաքականություն մուտք չունենալու դեպքում` Թուրքիան կարող է փոխել իր արտաքին քաղաքական ուղղությունը Արևմտյանից դեպի Արևելյանի:

Ըստ Դավութողլույի` հնարավոր է ստեղծել Եվրասիական տնտեսական միություն, որտեղ առանցքային դեր կունենա Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Չինաստանը: Եվրասիականության գաղափարը նոր չէ Թուրքիայի համար: Այն դեռևս 20-րդ դարի սկզբին Լենինի և Քեմալի մերձեցման պատճառներից մեկն էր: Մերձեցում, որը բերեց Ռուսաստանի կողմից Թուրքիային հայկական մի շարք տարածքների զիջմանը, հիշենք Մոսկվայի և Կարսի պայմանագրերը: Պետք է նկատել, որ այդ ժամանակ ևս հայերը բարեկամական հարաբերությունների մեջ էին Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ, և չէին սպասում, որ խորհրդային Ռուսաստանը Թուրքիային կզիջի խորհրդային Հայաստանի տարածքները:

Ինչևիցէ, Եվրասիականությունը դեռ այն ժամանակ միտված էր հակադրվելու ատլանտիզմին: Սակայն Թուրքիան նախնտրեց պետության կառուցման արևմտյան մոդելը (թե որքանով դա հաջողվեց, այս պարագայում էական չէ): ԽՍՀՄ փլուզումից հետո երկբևեռ աշխարհի վերածվելը միաբևեռի, իր հետ բերեց աշխարհաքաղաքական գործոնների փոփոխությունների:

Այդ ամենից անսահման չմնաց Թուրքիան. Նա կորցրեց սոցճամբարի տարածման դեմ պատնեշի իր դիրքը: Հետևաբար Արևմուտքի հարաբերությունները, եթե նախկինում ունեին առաջին հերթին անվտանգության ապահովման նշանակություն, ապա այժմ դրանք ավելի շատ դրված են տնտեսական հիմքի վրա (խոսքը գնում է Եվրոպայի մասին), ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի թուլկացումը հնարավորություն ստեղծեց Թուրքիայի համար ներթափանցելու ասիական տարածաշրջան, որտեղ առկա են թուրքական ծագումով ժողովուրդներ:

Սակայն ռուս-թուրքական 1990-ականների մրցակցային հարաբերությունները շուտով վերածվեցին տնտեսական համագործակցային հարաբերությունների: Թուրքիան այժմ հանդես է գալիս որպես ինքնուրույն քաղաքական սուբյեկտ և իր արտաքին քաղաքական միջոցառումները միշտ չէ, որ համաձայնեցնում է ԱՄՆ-ի հետ:

Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումն առաջին հերթին նպատակ էր հետապնդում խոչնդոտելու տարածաշրջանում ԱՄՆ-ի ամրապնդմանը: Թուրքական քաղաքական էլիտայի մոտ Եվրասիականության գաղափարի տարածման համար բավականաչափ աշխատանքներ է կատարվում ռուս քաղաքագետ, Միջազգային Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինի կողմից: Վերջինս սերտ հարաբերությունների մեջ է Թուրքիայի քաղաքական գործիչների հետ, Թուրքիայում գրասենյակներ ունի, որոնք ակտիվ աշխատանքներ են կատարում Եվրասիականության գաղափարի տարածման համար, երբեմն դասախոսություններ է կարդում Ստամբուլի համալսարանում, իսկ թուրքական զինվորական ուսումնարաններում Դուգինի աշխատությունները որպես դասագիրք են օգտագործվում:

Ադրբեջանն իր հերթին անմասն չի մնում Եվրասիական քաղաքականությունից և ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Եվրասիականության վերաբերյալ կազմակերպված գիտաժողովներին, որոնց հաճախ Թուրքիան և Ադրբեջանը մասնակցում են դիվանագիտական ներկայացուցիչների մակարդակով:

Սակայ Թուրքիայի իշխանություններն այժմ Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտում են միայն որպես տնտեսական համագործակցություն և ամենևին էլ չեն շտապում կտրուկ քայլեր կատարել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում և շարունակում են ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ: Իսկ Եվրոմիության անդամակցությանն ուղղված գործընթացները շարունակվում են:

Ըստ էության Եվրասիական միությունը Թուրքիայի համար շարունակում է մնալ որպես գաղափար, որն արտաքին քաղաքականության օրակարգում կլինի միայն Եվրոմիության անդամության հարցի բացասական լուծման դեպքում և սկզբնական շրջանում կլինի միայն տնտեսական բնույթի միություն: Սակայն դա էլ բավական է, որպեսզի Ռուսաստանը պատեհ առիթի դեպքում ոտնահարի Հայաստանի շահերը հանուն Թուրքիայի:

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի վերլուծական կենտրոնի փորձագետ`

Վահագն Հակոբյան

Աղբյուր՝ maxinfo.am

 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech