Հոգեբան. երեւակայելու հատկությունը ոչ թե «շիզոֆրենիայի» գիրկն ընկնելու, այլ ստեղծագործելու համար է

Նոյեմբերի 13-ին «Լույսի աշխարհ» հ/կ-ի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամում անցկացվող «Առողջ միտք» ծրագրի հերթական հանդիպման ընթացքում «Ազատության, իրավունքի ու պատասխանատվության խնդիրը` անձնական ու հասարակական տեսակյունից» թեմայով դասախոսեց ԵՊՀ դասախոս, հոգեբան, աստվածաբան Դրո Ծատուրյանը:

«Ազատություն բառը Աճառյանի արմատական բառարանում ստուգաբանվում է «ազ զատ», այսինքն` ազգով, տեսակով զատված: Ազատ են համարվել այն մարդիկ, ովքեր կարողացել են իրագործել իրենց ցանկացածը: Ազատությունն այնպիսի մի երևույթ է, որի միջոցով որևէ բան կամ որևէ մեկին «պիտակավորում » ես: Ազատության առաջին սահմանափակողը միտքն է. մենք ամբողջովին ազատ չենք, քանի որ մտածում ենք: Առհասարակ, ազատություն հասկացությունը «փուչիկ» է, որը կարելի է լցնել ինչ-որ բանով: Այն կարելի է նմանեցնել սպիտակ էջի: Երբ սկսում ենք այն լցնել գրվածքներով, դրա «ազատությունը» սահմանափակում ենք»,- ասաց բանախոսը եւ հավելեց, որ տեսականորեն ազատությունը սահմանափակվում է օրենքներով. «Իրավունքը օրենքով սահմանված ազատությունն է»:

Դրո Ծատուրյանի խոսքով. «Ներկայումս եվրոպական «պայծառացյալ» հասարակարգերը ցանկանում են մեզ ինչ-որ երեւույթներ սովորեցնելով՝ ցույց տալ ազատության սահմանները: Սակայն սխալ է ազատության համար օրենքներ գծելն առանց հաշվի առնելու անվտանգությունը և արդարությունը: Ինչպես օրինակ գավաթում գտնվող ձուկն է ցանկանում դուրս թռչել ջրից` ազատ լինելու նպատակով, բայց ջրից դուրս թռչելով` կորցնում է իր անվտանգությունը: Նույնը կատարվում է մեր անձի հետ, երբ ինչ-որ բան ենք ցանկանում անել` առանց գիտակցելու դրա օգուտը կամ վնասը: Պատկերացրեք, որ մուսուլմանական աշխարհում փորձեն կնոջն ազատություն տալ. մուսուլմանը չի իմանա, թե ինչ անի այդ ազատության հետ, քանի որ դրա սահմանները հասկանալու համար պետք է առնվազն մեկ կյանք ապրած լինի այդ կյանքով»:

Հոգեբանի խոսքով. «Մարդիկ դատապարտված են ազատության, որպեսզի կարողանան երեւակայել և ստեղծագործել: Մենք մտածում ենք օրենքի սահմաններում, բայց երեւակայում ենք անսահման: Իսկ երեւակայելու հատկությունը ոչ թե «շիզոֆրենիայի» գիրկն ընկնելու, այլ ստեղծագործելու համար է: Երբ մտավոր գործընթացում ծանրանում է երեւակայության բաժինը, մտածողությունը «վերանում» է, եւ հակառակը: Եվրոպացիներն ասում են, որ մենք ազատ չենք եւ կաշկանդված ենք նախապաշարումներով, բայց եկեք մի օրինակով մտածենք՝ «հայի հոգեբանությամբ». եթե մեկը «շորտիկ» հագնի, ականջող դնի եւ այդ վիճակում երեւա հանրությանը, մարդիկ ի՞նչ կմտածեն նրա մասին: Կամ` ի՞նչպես կվերաբերվի հասարակությունը` հասարակական նորմը խախտած մարդու երեխային: Հետեւաբար` երբ օգտվում ենք ազատությունից, պետք է արդարացի լինենք եւ չոտնահարենք ուրիշների իրավունքները, որովհետեւ հասարակությունն իր սահմաններն է դնում մեր ազատության առջև: Մենք պետք է նաև գիտակցենք, որ պատասխանատու ենք մեր ազատության համար: Պատասխանատվության սահմանը որոշվում է ազատության չափով. ինչքանով ազատ ենք, այնքանով էլ պատասխանատու ենք հասարակության առջև»:

Աղբյուր` aravot.am

 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech