Չորեքշաբթի, 11 Հունիս 2014 11:44

Չինաստանի հայ համայնքի կազմակերպական կառույցը և զարգացման հեռանկարները:

    Արդի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում գնալով ավելի է կարևորվում Չինաստանի ժողովրդական հանրապետության (ՉԺՀ) դերը միջազգային գործընթացներում: Տիրապետելով համապատասխան ռեսուրսների` Չինաստանը արձանագրել է ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական մեծ հաջողություններ` լուրջ հայտ ներկայացնելով թե´ ԱՄՆ-ին, թե´ Ռուսաստանին երկբևեռ աշխարհակարգի պայմաններում իր տեղն ամրագրելու նպատակով:
    Չինաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգային դրույթներից է "աշխարհի պաշտպանության իրագործումը ողջ աշխարհում"[1]: Ելնելով այս դրույթից՝ պաշտոնական Պեկինը ուղիներ է հարթում աշխարհի տարբեր երկրների հետ բազմակողմանի կապեր հաստատելու նպատակով: Չինական դիվանգիտությունը մեծ ճկունությամբ դինամիկ զարգացող հարբերություններ է կառուցում նույն տարածաշրջանը ներկայացնող բոլոր երկրների հետ, անկախ այն բանից, թե այդ երկրները ինչ հարաբերություններ ունեն միմյանց հետ` բարեկամական, թե՞ թշնամական:
    Վերջին տասնամյակի ընթացքում Չինաստանի կառավարությունը կովկասյան տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական, առևտրատնտեսական և մշակութային շահեր է հետապնդում: Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Չինաստանի հետ զարգացող հարաբերությունները, իսկ Չինաստանն, իր հերթին, քայլեր է ձեռնարկում չին-հայկական բարեկամական հարաբերությունների խորացման ուղղությամբ: Բավական է նշել այն, որ ՉԺՀ կառավարությունը խիստ հետաքրքրված է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման աշխատանքներով[2]:
    Հայ-չինական երկկողմ հարաբերությունների խորացումը գտնվում է երկու կողմերի դիվանագետ-քաղաքագետների և մյուս մասնագետների ուշադրության կենտրոնում: Սակայն կատարված վերլուծություններում ու ուսումնասիրություններում շատ փոքր դեր է հատկացված Չինաստանի հայ համայնքին: Այս մոտեցումը հիմնավորվում է այս կերպ. թվով մի քանի հարյուր հայերը չեն կարող էական դերակատարում ունենալ 1.6 մլրդ բնակչություն ունեցող երկրում: Այս մոտեցումը հիմնովին սխալ է: Նման գաղափարաբանությամբ առաջնորդվելը հղի է խիստ բացասական հետևանքներով: Անհրաժեշտ է կիրառել բոլոր հնարավոր միջոցները Չինաստանում հայ ինքնության և ընդհանրապես հայապահպանության առաքելությունն իրագործելու, չինահայ համայնքը հայ-չինական հարաբերություններում կարևոր առանցք դարձնելու նպատակով: 
    ՀՀ անկախացման և Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգընթաց զարգացման նոր շրջափուլում հայտնվեց չինահայ համայնքը: Ներկայումս դժվար է հստակ մատնանշել Չինաստանում ապրող հայերի թիվը, քանզի նրանցից բացի Չինաստան են մեկնում հայ գործարարներ, ուսանողներ ինչպես ՀՀ-ից, այնպես էլ այլ երկրներից: Չինաստանի հայ համայնքը կենտրոնացած է Հոնկ Կոնգում և համայնքը ներկայացնող հայերի թիվը կազմում է մոտ 200-250 մարդ, այն դեպքում, երբ 2003 թ.-ին Հոնկ Կոնգի հայերի թիվը կազմում էր 20-25 մարդ: Այժմ հայ համայնքի և Չինաստանում ժամանակավորապես բնակություն հաստատած հայերի թիվը կազմում է մոտ 900 մարդ[3]:
    Վերջին տարիներին չինահայ համայնքը ակտիվ գործունեություն է ծավալում, չնայած այն հանգամանքին, որ մինչև 2013 թ.-ը բացակայում էին վարչական ղեկավար մարմինն ու համայնական կազմակերպությունները: Համայնքում անցկացվող միջոցառումներին հայերը մասնակցում էին կամավորության սկզբունքով:
    Չինահայ համայնքի և հայ-չինական բազմակողմանի հարաբերությունների զարգաման գործը համակարգվում է մի շարք պետական գերատեսչությունների կողմից, բայց արտակարգ նշանակություն ունեն ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունները: Հայաստանի Հանրապետությունը Չինաստանում ներկայացված է ի դեմս Չինաստանում ՀՀ դեսպանության, իսկ Չինաստանի հայ համայնքի խնդիրներով զբաղվում է ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության միջինասիական երկների հայ համայնքների հետ կապի բաժինը: Չինաստանի հայերին այցելում են Հայ Առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդն ու հոգևորականները, հոգում նրանց հոգևոր կարիքները:

Չինաստանի հայ համայնքի կազմակերպական կառույցը

  1. "Հոնկ Կոնգի և Չինաստանի հայ համայնք" կազմակերպություն:
  2. Տնօրենների խորհուրդ - Խորհրդականների խորհուրդ:
  3. Գործադիր մարմին:

Համայնական կազմակերպություններ.

  1. Ջեք և Ջուլիա Մաքսյանների անվան հայկական կենտրոն:
  2. Չինաստանի հայկական ուսանողական միություն:

Տեղեկատվական աղբյուրներ.

  1. Հայաստանի Հանրապետություն – china.mfa.am, mindiaspora.am համացանցային կայքեր:
  2. Չինաստանի ժողովրդական հանրապետություն - "Տեղեկագիր" Չինաստանում հայ համայնքի (լույս է տեսել մեկ համար), chinastan.org, chinahay.com համացանցային կայքեր:
  3. Ֆեյսբուքյան խմբեր- "Բացահայտիր Չինաստանը", "Չինաստանում հայ ուսանողների միություն", "Chinahay":

Չինաստանի հայ համայնքի զարգացման հեռանկարները

Չինաստանի հայկական համայնքը միտում ունի համալրվել նոր կազմակերպություններով, քանզի համայնքը ներկայացնող հայությունը խիստ շահագրգռված է ընդլայնել համայնքի գործունեությունը: Հեռահար նպատակ է հետապնդվում նույն շրջափակում միավորել նաև Սինգապուրի, Մալազիայի, Վիետնամի, Թաիլանդի հայերին: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մշտական կապի մեջ գտնվել և նպաստել չինահայ համայնքի գործունեությանը ՀՀ պետական գերատեսչությունների մակարդակով.

  • Մշտական կապ պահպանել "Հոնկ Կոնգի և Չինաստանի հայկական համայնք" կազմակերպության և նրա հետ կապ ունեցող կազմակերպությունների ու միությունների հետ` համարելով այն Չինաստանի հայերին միավորող կառույց, նպաստել նորաստեղծ համայնքի գործունեության ընդլայնմանը, չինահայերին մասնակից դարձնել համասփյուռքյան և համահայկական ձեռնարկներին:
  • Չինաստանում ՀՀ դեսպանության համացանցային կայքի "Հայ համայնք" բաժնի "Չինաստան" ենթաբաժնում (http://china.mfa.am/hy/community-overview-cn/) ավելի մանրակրկիտ ներկայացնել հայ համայնքի պատմությունը և տեղադրել թարմացվող տեղեկություններ չինահայերի, նրանց կազմակերպությունների գործունեության վերաբերյալ:
  • Սփյուռքի նախարարության կամ այլ բարեգործական կազմակերպության ջանքերով սկսել դրամահավաք Հոնկ Կոնգում հայկական եկեղեցի կառուցելու նպատակով, որը կփոխարինի Ջեք և Ջուլիա Մաքսյանների անվան հայկական կենտրոնում գտնվող փոքրիկ աղոթատանը, կմիավորի չինահայերին հոգևոր հարկի տակ` մտնելով Հայ Առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի կազմ:
  • ՀՀ արտաքին տնտեսական լծակներն ու միջոցները ավելի մերձեցնել և հասանելի դարձնել Չինաստանի հայ համայնքի համար, նպաստել և դյուրացնել ինչպես չինահայ համայնքը ներկայացնող գործարարների` ՀՀ-ում ներդրումներ կատարելու, այնպես էլ ՀՀ և արտերկրի գործարարներին՝ Չինաստանում գործունեություն ծավալելու նպատակով:
  • Նպաստել տեղեկատվական դաշտի զարգացմանը, չինահայ համայնքի հետ կապված տեղեկատվական կայքերի որակյալ աշխատանքին՝ դարձնելով դրանք չինահայերի մասին ստացվող հիմնական տեղեկտվական աղբյուր, կազմակերպել առցանց հաղորդումներ, հարցազրույցներ, հանդիպումներ, լսումներ:

Այս քայլերը կնպաստեն երկու կարևոր նպատակների իրագործմանը` Չինաստանում և հարակից երկրներում հայապահպանության առաքելության իրականացմանը, հայ ինքնության պահպանությանը և չինահայ համայնքի հզորացմանը, համայնք, որն ունի բոլոր նախադրյալները դառնալու հայ-չինական հարաբերությունների զարգացման կարևոր առանցքներից մեկը:

 

Օգտագործված ուսումնասիրություններ

  1. Бабаян К., Китай и Армения. исторические, геополитические, культурно-психологические аспекты стратегического партнерства // "Китай глазами армян", Ереван, 2013, стр. 85:
  2. Տե՛ս, http://novostink.ru/economics/72332-kitay-zainteresovan-v-uchastii-v-stroitelstve-armyano-iranskoy-zhd-i-magistrali-sever-yug.html:
  3. Համառոտ Չինաստանի մասին, Երևան, 2009, էջ 152; Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 439; Սահակյան Մ., Չինաստանի հայկական համայնքը մեր օրերում // «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 5 (50), 2014, էջ 48; Սարաջյան Ս., Հայաստան և Չինաստան. փաստարկներ հատուկ համագործակցության օգտին // «21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012, էջ 16-17:

 

 

 


"Բարեպաշտ սերունդ" հիմնադրամի
գիտավերլուծական կենտրոնի փորձագետ

Կարո Ժամխարյան

 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech