Skip Navigation Links
Մրցույթներ
Մեր ամսաթերթը
Տեսանյութ
Ընտրեք նվագարկիչը



Դրամ չունենալը չպետք է խոչընդոտի բարեպաշտ երիտասարդի կրթությանը

Սիրելի՚ երիտասարդներ.

Մենք, գրեթե մեկ հազարամյակ զրկված լինելով անկախությունից և ապրելով օտարների հպատակությամբ, դարերի ընթացքում ձեռք ենք բերել այնպիսի մտածողություն և բնավորության գծեր, որոնք հարիր չեն անկախ պետության քաղաքացուն: Այսօր հայ ժողովուրդն ունի իր անկախ պետությունը: Փոխվել են հանգամանքները, պետք է փոխվի նաև մեր մտածողությունը:

Հետևաբար հայության հարատևման գաղափարի իրականացման համար անհրաժեշտ են նոր մտածողությամբ և նոր արժեհամակարգով անհատ քաղաքացիներ` որակապես նոր հայեր, անկախ պետության արժանապատիվ քաղաքացու և այդ պետության տիրոջ իրավունքը գիտակցող անհատներ:

Նախ և առաջ` այդ նոր կերպարի հայերը պետք է լինեն երիտասարդները` գիտելիք ստանալու ծարավով, ազգային նորարար մտածողությամբ, նոր, որակապես այլ հասարակություն կառուցելու իդեալով:

Այդ նոր հասարակարգի հիմքում կանգնած է լինելու բարեպաշտ սերունդը: Հասարակարգ, որը խարսխված է լինելու համագործակցային սկզբունքի, նորարարության և կոլեկտիվ մտածողության վրա: Այդ հասարակարգի ձևավորման և կայացման գործում մեծ նշանակություն ունեն կրթական գործընթացները: Ժամանակն է ուշադրությունը կենտրոնացնել կրթության և գիտության զարգացման վրա, առանց որի ուղղակի անհնար կլինի հետագա տնտեսական առաջընթացը, չենք կարող լինել մրցունակ և կզրկվենք միջազգային հանրությունում մեր արժանապատիվ տեղն ունենալու հնարավորությունից:

Ինքս ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական և Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ժողտնտպլանավորման ֆակուլտետները: Երկար տարիներ աշխատել եմ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, քաջատեղյակ եմ գիտակրթական համակարգի խնդիրներին և այսօր, ունենալով ֆինանսական հնարավորություններ, ցանկանում եմ իմ նպաստը բերել դրանց լուծմանը:


«Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամի հիմնադիր,
հոգաբարձուների խորհրդի նախագահ՝
Բարսեղ Բեգլարյան